Sign In

Not registered yet?

register

Յայոյի Կուսամա և Լուի Վիտոն

Ճապոնացի նկարչուհի Յայոյի Կուսաման ծնվել է 1929 թ․, Ճապոնիայի Մացումոտո քաղաքում: Կուսաման ժամանակակից ամենահայտնի արվեստագետներից մեկն է: Նրան, իրավամբ, անվանում են «պուտերի թագուհի»։ Դեռ մանկուց Կուսամային հանգիստ չտվող կպչուն մտքերն իրենց արտահայտումն են գտել նկարչուհու ստեղծագործության մեջ։ Նրա «հեղինակային» պուտերը քաոսային տրամադրություն են ստեղծում, և դիտողը հայտնվում է բոլորովին այլ իրականության մեջ։ Կուսաման սիրում է դիտողին տանել դեպի իր սեփական փսիխոդելիկ մտապատկերները, որ կարծես այլ մոլորակից լինեն։ Պուտերից բացի, Կուսաման հայտնի է նաև իր «անսահմանության հայելային սենյակ» արտասովոր ինստալյացիայով: Այս ինստալյացիան հաղորդում է տիեզերքի անվերջության զգացողություն։ 90-ամյա նկարչուհին իր իսկ կամքով ապրում և ստեղծագործում է Տոկիոյի հոգեբուժարաններից մեկում և հենց հոգեբուժարանին կից էլ գտնվում է նկարչուհու արվեստանոցը: 2014 թվականին Կուսամայի հայտնի «Սպիտակ №28» կտավը վաճառվեց 7,3 միլիոն դոլարով: Հենց այդ պահից նա համարվեց աշխարհի ամենաթանկ կին նկարիչը։

Իսկ ահա 2012թ․ Յայոյի Կուսաման համագործակցեց  Լուի Վիտոն հայտնի նորաձևության տան հետ։ Ստեղծվեց մի նոր հավաքածու, որտեղ իրենց յուրահատուկ դերն ունեցան Կուսամայի հանրահայտ պուտերը։ Համագործակցության առաջարկը Լուի Վիտոնի արտ-տնօրեն, ամերիկացի մոդելյոր Մարկ Ջեյկոբսինն էր։

Սա թերևս արվեստի և նորաձևության համագործակցության ամենացայտուն օրինակներից է։ Լուի Վիտոնի նմանատիպ համագործակցություններն սկսվել են դեռևս 80-ական թվականներից։ Սակայն ամենավառ համագործակցություններն ու Լուի Վիտոն բրենդի արտասովոր առաջընթացը տեղի է ունեցել Մարկ Ջեյկոբսի ղեկավարման տարիներին։  Էքսպերիմենտների մեծ սիրահար լինելով՝ Ջեյկոբսը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ է առաջ քաշել, համագործակցել տարբեր արվեստագետների հետ։ Նրան հաջողվեց մեկտեղել ավանդականն ու դասականը կիտչի և փանկ մշակույթի ըմբոստության հետ՝ Լուի Վիտոն բրենդին հաղորդելով ավելի խորը իմաստներ։

Եվ նույնիսկ Ջեյկոբսի համար համագործակցությունը Կուսամայի հետ թվում էր տարօրինակ և չափազանց համարձակ քայլ։ Դեռևս 2006թ․ հայտնվելով Կուսամայի արվեստանոցում՝ Ջեյկոբսը հիացավ նկարչուհու յուրահատուկ արվեստով։ Սակայն սա դեռ ամենը չէր։ Ջեյկոբսի սիրտը լիովին գրավված էր այն բանից հետո, երբ Կուսաման ներս բերեց Լուի Վիտոնի դասական պայուսակ, որն ամբողջությամբ պատված էր պուտերով։ Ձեռքով նկարազարդված այս պուտավոր պայուսակն էլ սկիզբ դրեց հետագա շատ հաջող համագործակցությանը։

Մարկ Ջեյկոբսն ասում է․ «Երբ ես դիտում եմ նրա ինքնաարտահայտման տարբեր շերտեր պարունակող աշխատանքները, զգում եմ պարզություն, միամտություն և կիրք։ Ինչպես և յուրաքանչյուր մեծ արվեստագետ, նա ստեղծել է մի ամբողջ աշխարհ, որով կիսվում է մեզ հետ, և մենք չենք կարող դա չզգալ։ Ես հիանում եմ Կուսամայով, սիրում և զգում եմ նրան և նրա արվեստը»։ Այսպիսով, Կուսամայի և Լուի Վիտոնի թիմերը համատեղ ուժերով ստեղծեցին պայուսակների, կոշիկի, հագուստի և աքսեսուարների սահմանափակ գունեղ հավաքածու՝ պատված Կուսամայի հանրահայտ պսիխոդելիկ պուտերով։ «Հավերժ սեր»․ սա է ըստ Կուսամայի այս շարքի հիմնական գաղափարը։  Հավաքածուից զատ հիացնում է նաև այն տաղավարը, որը Կուսաման ստեղծեց հատուկ այս հավաքածուն ցուցադրելու համար։ Սելֆրիջիս հանրախանութի համար ստեղծված «դդմային» ինտերիեր ունեցող տաղավարը կարծես մեկը լիներ իր բազմաթիվ ինստալյացիաներից, որի տարածքում կարելի էր հանդիպել նորաձև պայուսակների՝ կրկին պատված Կուսամայի «ֆիրմային» պուտերով, ինչպես նաև հենց իր՝ Կուսամայի մանեկենը՝ իրականացված չափազանց ռեալիստական եղանակով։ Թվում է՝ Կուսաման միշտ ներկա է իր տաղավարներում։ Հետագայում ցուցափեղկերի դիզայնը դարձավ Կուսամայի հերթական կիրքը։ Օգտագործելով 4 հիմնական մոտիվ՝ ալիքներ, պուտեր, հայելիներ և ընդմիշտ ծաղկած ծաղիկներ, Կուսաման ստեղծեց բազմաթիվ յուրահատուկ ցուցափեղկեր, որոնք անհնար է շփոթել մեկ ուրիշի ձևավորած ցուցափեղկերի հետ։

Այսպիսով, այս բացառիկ կինը, ով իր խնդիրների սպեղանին գտավ արվեստում և հիացրեց բոլորին իր ստեղծած միանգամայն նոր աշխարհով, գրավեց նաև նորաձևության աշխարհը և կարողացավ միավորել դրանք։

Share
Կարդալ բոլորը