Sign In

Not registered yet?

register
Embroidery: Delicate and Fashionable

Ասեղնագործություն․ նրբագեղ և միշտ նորաձև

Նրբագեղ ժանյակներով և ասեղնագործությամբ զարդարված հագուստը, ներքնազգեստն ու աքսեսուարները նորաձև են եղել հին ժամանակներից ի վեր և նորաձև են այսօր։ Ասեղնագործ իրերն ունեցել են թե՛ աշխարհիկ, և թե՛ հոգևոր նշանակություն։ Հագուստից բացի, դեկորատիվ-կիրառական արվեստի այս տեսակը զարդարել է ինտերիերը, եղել կենցաղի անբաժան մաս, մատնանշել ընտանիքի սոցիալական դիրքն ու ընդգծել տան տիկնոջ և դստրերի շնորհը։ Յուրաքանչյուր կնոջ հեղինակությունն էր գեղեցիկ ձեռագործի առկայությունը, ուստի շատ դեպքերում առավել աչքի ընկնող ճոխ ասեղնագործված իրերը պահում էին սրբորեն և փոխանցում սերնդեսերունդ։

Ասեղնագործութան նմուշ ստեղծելու համար հարկավոր է ասեղ, երբեմն՝ հելուն, ժամանակակից աշխարհում՝ ասեղնագործող մեքենա, ինչպես նաև՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելեր։ Առավել զարդարուն օրինակներում օգտագործվում են նաև ուլունքներ, ոսկեթելեր, դրամներ և այլն: Տեխնիկապես ասեղնագործությունը լինում է վերադիր (կտորը կտորի վրա դրվող, օգտագործում են մորթի, թաղիք, կաշի) և թելքաշ (կտրտովի):

Greek embroidery

Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, եգիպտացիները, չինացիները, պարսիկները, հրեաները, հույները, իսկ առավել հայտնի կենտրոնը Բաբելոնն էր: Ամենահին ասեղնագործ նմուշների մասին վկայում են ասորա-բաբելական, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ասեղնագործ պատառիկները և այլ ազգագրական նյութեր:

Եգիպտական ասեղնագործություն

Greek embroidery

Greek embroidery

Ասեղնագործությունը լայն տարածում է ունեցել նաև Հայաստանում՝ դեռևս հնագույն ժամանակներից և իր զարգացման գագաթնակետին է հասել միջնադարում։ Կիրառական արվեստի այս ճյուղն արտահայտում է հնագույն ժամանակներից եկող կրոնական պատկերացումներն ու հավատալիքները, գեղագիտական ընկալումները, հայերի համար նախընտրելի ոճային, հորինվածքային առանձնահատկությունները, կարատեսակների և զարդանախշերի անսպառ բազմազանությունը։ Հնագույն շրջանի ասեղնագործ նմուշները ցավոք մեզ չեն հասել և դրանց մասին պատկերացում ենք կազմում ազգագրական այլ աղբյուրներից։ Հին հայկական ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և ուրիշներ:

Հայկական ավանդական ասեղնագործությունը բաժանվում է երկու հիմնական խմբի՝ աշխարհիկ և եկեղեցական, որոնք ընդգրկում են տարազի, եկեղեցական հանդերձանքի և կենցաղային իրերի ասեղնագործությունը։ Հայկական ասեղնագործության մեջ հանդիպում են տարբեր ասեղնակարեր։ Դրանք ապշեցնում են իրենց բազմազանությամբ։ Հանդիպում են թե՛ պարզ, և թե՛ բարդ ասեղնակարեր։ Կարատեսակներն ունեն անվանումներ՝ ըստ տվյալ տարածաշրջանի բարբառի առանձնահատկության։ Հայ ժողովուրդն ունի մի շարք տեղական ասեղնակարեր, որոնք հայտնի են այն քաղաքի անունով, որտեղ դրանք առավել տարածված են։ Օրինակ՝ «Վանի կար», «Այնթապի կար», «Մարաշի կար» և այլն։ Վանի կարը հայկական ամենահին ասեղնակարերից է։ Այն տարածված էր ոչ միայն Վասպուրականում, այլև Կիլիկիայում, Կապադովկիայում, Տայքում և դրա հարակից շրջաններում, ինչպես նաև Կ․ Պոլսում։

Հայակական ասեղնագործությունը հարուստ է նաև իր զարդանախշերի համակարգով։ Ամենատարածվածը բուսական զարդանախշերն են, որոնք շատ սիրված են եղել և հայտնի են հնագույն ժամանակներից։ Բուսական պատկերները խիստ բազմազան են և ասեղնագործության մեջ հանդիպում են ինչպես ոճավորված, այնպես էլ բնական տեսքով։ Երբեմն այդ ոճավորումը կապված է ասեղնագործության տեխնիկայի հետ, սակայն այն հիմնականում բնորոշ է հնագույն շրջանին։

Սրբիչի հատվածներ, հայկական ասեղնագործություն, Տրապիզոն, 19-րդ դար

Սրբիչի հատվածներ, հայկական ասեղնագործություն, Տրապիզոն, 19-րդ դար

Սրբիչի հատվածներ, հայկական ասեղնագործություն, 18-րդ դար

Սրբիչի հատվածներ, հայկական ասեղնագործություն, 18-րդ դար

Բացի այս հիմնական զարդանախշերից, հայ ավանդական ասեղնագործությունը հարուստ է նաև այլ՝ երկրաչափական, կենդանական, թռչնակերպ զարդանախշերով, ինչպես նաև կենցաղային առարկաների պատկերներով (զամբյուղներ, սափորներ, կուժեր և այլն), նաև ճարտարապետական կոթողների, խորանների պատկերներով։

Ասեղնագործության հայկական ավանդույթները շարունակվում են մինչ օրս։ Դրան զուգահեռ ողջ աշխարհում ևս չի մարում ասեղնագործության հանդեպ հետաքրքրությունը։

Ասեղնագործությունն ու ասեղնագործ ժանյակները տարիներ շարունակ չեն լքում haute couture  և prêt-à-porter հավաքածուները և խոսքը միայն  հարսանյաց զգեստների և ներքնազգեստի մասին չէ։ Ասեղնագործությունը միշտ ակտուալ է, եթե նպատակ կա ստեղծել նուրբ, կանացի կերպար։ Մինչև 19-րդ դարի 30-ական թվականները նորաձևությունը մեծապես կախված էր ձեռքի աշխատանքներից, այդուհետ ստեղծվեցին ասեղնագործական մեքենաներ։

Ասեղնագործ ժանյակների կիրառության առաջին քայլը բարձր նորաձևության մեջ համարվում է «ռետիչելա» տեսակի կարը, որն ի հայտ է եկել 15-16-րդ դդ․ Իտալիայում։ Սերը դեպի ասեղնագործ նրբագեղ իրերն այնքան մեծ էր, որ Վենետիկյան հանրապետության կառավարությունն արգելում էր ասեղնագործ վարպետներին լքել Բուրանո կղզին և հմտությունները փոխանցել օտարերկրացիներին։ Տղամարդկանց հագուստում առավել հաճախ կիրառվող ասեղնագործության օրինակները Ֆլանդրիայից էին (ժամանակակից Բելգիան և Նիդերլանդների մի մասը)։ Հայտնի են «վալանսեն», «բենշ», «մալին» և «անգլետեր» կարատեսակները, որոնք առանձնանում են զարդանախշերի բազմազանությամբ, կարատեսակի բարդությամբ և որակական բարձր հատկանիշներով։ Ֆրանսիայում ասեղնագործությունը նորաձև դարձավ երկու իտալուհի թագուհիների՝ Եկատերինա և Մարիա Մեդիչիների շնորհիվ։ Ներկրումն Իտալիայից բավական թանկ հաճույք էր և արդեն 17-րդ դ․ Ֆրանսիայում հիմնվեցին ասեղնագործական առաջին արհեստանոցները։ Ֆրանսիական ասեղնագործության համար էսքիզներ էին անում հանրահայտ արվեստագետները, ինչպես օրինակ՝ Ֆրանսուա Բուշեն։

Ասեղնագործությունն ու ասեղնագործ ժանյակները մեծապես օգտագործում են այնպիսի հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են՝ Dolce&Gabbana-ն, Alberta Ferretti-ն, Alexander McQueen-ը, Balmain-ը և Gucci-ն։ Բուսական, միջնադարյան արվեստից փոխառնված զարդաձևերն ու վինտաժային պատկերները հիանալի կերպով համակցվում են ժամանակակից հագուստին և ներկայանում նորովի։ Շատ հաճախ նորաձևության տներն օգտագործում են ոչ թե բուն ասեղնագործությունը, այլ պրինտներ՝ ասեղնագործ զարդանախշերով։

Alexander McQueen ասեղնագործություն

Alexander McQueen ասեղնագործություն

Ի դեպ, ասեղնագործ ժանյակները շատ ակտուալ են 2020 թվականի ամռանը։

Share
Կարդալ բոլորը