Sign In

Not registered yet?

register
Կարեն Սմբատյան Collection

Կարեն Սմբատյան

Կարեն Սմբատյան
Հայ կերպարվեստում ամենատարբեր շնորհալի անհատականությունների թվում իր ինքնատիպությամբ առանձնանում է գեղանկարիչ Կարեն Սմբատյանը, ում արվեստասեր հասարակայնությունը տվել է «գույների ասպետ» անվանումը:

Նա դիտողին ներկայանում է բացառիկ էներգիայով լեցուն իր արվեստով, յուրօրինակ մտածելակերպով ու յուրահատուկ նկարելաձևով:

Ժամանակի ամենահեղինակավոր արվեստաբաններն ու գեղանկարիչները Կ.Սմբատյանի արվեստ մասին գրել են հիացմունքով և խորին ակնածանքով` նրա արվեստը համարելով աննախադեպ, ազգային, համամարդկային ու հայ կերպարվեստում մեկուսի երևույթ:

Նրա գործերը արժանիորեն տեղ են գտել աշխարհի տարբեր պատկերասրահներում, թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես օրինակ Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Գրականության և արվեստի, Վաշինգթոնի «Արտ մոդեռն», Փարիզի «Արշիլ Գորկի», Նյու Ջերսիի «Զիմեռլի» ժամանակակից արվեստի թանգարաններում, Դեյթրոյթի «Ռիչարդ Մանուկեան» ցուցասրահում, և մի շարք երկրների ցուցասրահներում և արվեստ գնահատող բազմաթիվ անհատների մասնավոր հավաքածուներում:

Կարեն Սմբատյանը շրջակա աշխարհին նայեց յուրօրինակ հայացքով, գտավ առարկաներն ու կյանքը պատկերելու միայն իրեն հատուկ ձևերը: Նրա նորովի դիտված թվացյալ պարզ կտավները կառուցված են հեռանկարի ոչ ավանդական ձևերով: Նկարչի գործերում առարկաները պատկերված են ինքնատիպ մոտեցումներով, կայուն դիրքավորումներով, կարմիրի, կապույտի, դեղինի, սպիտակի և այլ գույների զարմանալի համարձակ համադրություններով ու հակադրություններով. երբեմն նույն գույնի տարբեր երանգներով, իսկ երբեմն էլ մի քանի լոկալ գույներով: Սմբատյանի կտավներում գույնը միշտ համապատախանում է ձևին, անկախ այն բանից ռեալիստական դիմանկար է, թե համարյա անճանաչելի, վերացարկված կերպար: Նկարչի արվեստում դասականն ու ժամանակակիցը ներկայանում են միասնաբար` արտահայտելով հեղինակի տրամադրություններն ու զգացմունքները` մերթ փոթորկուն ու անհաշտ, մերթ հանդարտ ու մեղմ:

Կարեն Սմբատյանը ծնվել է Գյումրի քաղաքում, 1932 թ-ին: Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում: 1952-56 թթ ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ուժերում` Մերձբալթիկայի Դագոկղզում, որտեղից էլ սկսվում է նկարչի ստեղծագործական գործունեության վաղ շրջանը: 1957-ին ավարտելով ուսումնարանը, շարունակել է խորությամբ ուսումնասիրել հայ և համաշխարհային վարպետների ստեղծագործական ժառանգությունը, հատկապես 12-14 դդ. հայ մանրանկարիչների գործերը: Ակնհայտ է, որ նկարչի արվեստը սնվել է հայ դասական նկարչության ակունքներից:

Կարեն Սմբատյանը հաջողությամբ աշխատում էր նաև գրքի գրաֆիկայի ասպարեզում: Նրա ձևավորմամբ լույս են տեսել «Ծիծեռնակ», «Պիոներ» մանկապատանեկան ամսագրերը, «Սասնա ծռեր» էպոսը, Է. Իսաբեկյանի «Իգդիր» վեպը, Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները, հայկական և արաբական ժողովրդական հեքիաթները և այլն: Գրաֆիկական այդ գործերը օժտված են գույների նուրբ համադրությամբ, ճաշակով և ազգային հատկանիշներով:

Նկարչի աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝