Sign In

Not registered yet?

register

Կանանց 5 հայտնի դիմանկար շարֆով

«Արտույտի» շարֆերն երկու տարուց ավել է ցուցադրում են, թե արվեստի ստեղծագործությունն ինչպես կարող է հայտնվել նորաձևության ոլորտում։ Այսպիսի շատ այլ օրինակների պարբերաբար անդրադառնում ենք մեր բլոգում։ Այս անգամ փորձեցինք պատկերացնել հակառակը. գտնենք այն արվեստի ստեղծագործությունները, որոնցում պատկերված կերպարները շարֆ են կրում: Հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ կարող է լուծել շարֆը ողջ կտավի գունային, կոմպոզիցիոն ու կերպարային լուծումներում. չէ՞ որ ճիշտ այդպիսի խնդիրներ շարֆը լուծում է նորաձևության մեջ, իրական կյանքում։ Նորաձևության պատմությանը զուգընթաց արվեստի ստեղծագործություններում շարֆը հայտնվել է շատ ավելի ուշ։ Վաղ շրջանում այն ամենուրեք հանդիպում է հիմնականում գլխաշորի տեսքով։ Ահա թե ինչու մենք դիտարկեցինք հատկապես 20-րդ դարի արվեստը։

Ամեդեո Մոդիլիանի

Ամեդեո Մոդիլիանին (1884-1920թթ.) իտալացի գեղանկարիչ և քանդակագործ է, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված էքսպրեսիոնիստ արվեստագետներից մեկը։ 1917թ. Մոդիլիանին հանդիպեց իր կյանքի մեծ ու իրական սիրուն՝ Ժանն Էբյուտերիին։ Վերջինս Կոլարոսի ակադեմիայի 19-ամյա ուսանողուհի էր։ Այս փխրուն աղջնակը շուտով դարձավ Մոդիլիանիի կինը, երեխաների մայրը, անսահման ոգեշնչման աղբյուրն ու գլխավոր բնորդուհին։ Նրա ստեղծագործություններում Ժաննը նուրբ է, առեղծվածային, նա կտավից մեզ է նայում տարօրինակ, կարծես կանխագուշակող հայացքով։ Յուրաքանչյուր դիմանկար յուրովի ցուցադրում է Ժաննի գեղեցկությունը։ Այս դեպքում աչք է զարնում Ժաննի գեղեցիկ, երկար պարանոցը, որն ընգծվում է շնորհիվ վառ կարմիր եզերված շարֆի։

Ամեդեո Մոդիլիանի, «Ժաննի դիմանկարը մետաքսե շարֆով», 1919թ.

Ամեդեո Մոդիլիանի, «Ժաննի դիմանկարը մետաքսե շարֆով», 1919թ.

Խուան Գրիս

Խուան Գրիսն (1887-1927թթ.) իսպանացի նկարիչ և քանդակագործ է և կուբիզմի հիմնադիրներից մեկը: Գրիսը գտնում էր, որ գեղանկարչության իմաստն ու նպատակը կապն է շրջակա աշխարհի հետ։ Նա թերևս կուբիզմի ամենահավատարիմ ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում հստակ գծագրված մակերեսներով և կուռ կոմպոզիցիայով՝ ինչպես այս դիմանկարում։ Կնոջ պարանոցին կապված շարֆը սահմանային է դիմանկարի վերին վառ գունային դաշտերի և ներքևի մուգ հատվածի միջև։

Խուան Գրիս, «Կինը շարֆով», 1924թ.

Խուան Գրիս, «Կինը շարֆով», 1924թ.

Անրի Մատիս

Անրի Մատիսը (1869-1954թթ.) ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ է, ֆովիզմի հիմնադիրներից։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ ունեն կանանց դիմանկարները։ Մատիսը չէր սիրում խոսել կանանց հետ ունեցած իր հարաբերությունների մասին, սակայն իր ստեղծագործությունները խոսում էին իր փոխարեն։ Դրանցում հստակ երևում է նրա հիացմունքը կանացի գեղեցկությամբ ու հմայքով։ Նկարիչը մեծ ուշադրություն է դարձնում իր բնորդուհիների հագուստի դետալներին, գունային համադրություններին։ Որպես իրական ֆրանսիացի, նա ընդգծում է այդ պճնուհիների ոճն ու հագուստի առանձնահատկությունները, ինչպես այս դիմանկարում, որտեղ ընդգծված է գլխարկի և շարֆի գունային համադրությունը։

Անրի Մատիս, «Կինը շարֆով», 1936թ.

Անրի Մատիս, «Կինը շարֆով», 1936թ.

Ֆրիդա Կալո

20-րդ դարի մեքսիկացի նկարչուհի սյուրռեալիստ Ֆրիդա Կալոյի (1907-1954թթ.) ստեղծագործությունները չափազանց անձնական են և միևնույն ժամանակ շատ համամարդկային: Նրա 143 կտավներից 55-ը ինքնանկարներ են: Իր բազմաթիվ ինքնանկարների նման, այս մեկն էլ կապված է նկարչուհու կյանքի կարևոր իրադարձության հետ։ Այն նվիրված է ռուս հեղափոխական Լեոն Տրոցկուն, նրանց կարճատև հանդիպանը Մեքսիկայում 1937թ.-ին և յուրահատուկ հարաբերություններին։ Այս ինքնանկարում Կալոն իրեն պատկերում է էլեգանտ, գեղեցիկ զգեստով, զարդերով, ծաղկազարդ վարսերով և երկար շարֆով, որը ծածկում է զգեստի մեծ մասն ու ծանրակշիռ սլացիկություն հաղորդում մարմնին։ Նրա ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ է և նամակ՝ ուղղված Տրոցկուն։

Ֆրիդա Կալո, «Ինքնանկար նվիրված Տրոցկուն», 1937թ.

Ֆրիդա Կալո, «Ինքնանկար նվիրված Տրոցկուն», 1937թ.

Պաբլո Պիկասո

Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն (1881-1973թթ.) 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկն է։ Նա հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Պիկասոն երբեք չէր նկարում պրոֆեսիոնալ բնորդուհիներին։ Նախընտրում էր պատկերել իր կյանքում հանդիպող կանանց՝ նրանց, ում ներքին աշխարհն ու բնավորությունն իրեն ծանոթ էին։ Կանաչ շարֆով այս նստած կնոջ մռայլ կերպարի ինքնությունը կասկածներ չի հարուցում։ Սա ժակլինն է՝ պատկերված ոչ միայն դիմահայաց, այլև կիսադեմից։ Ժակլինն ու Պիկասոն առաջին անգամ հանդիպել են 1953թ. գարնանը։ Այդ ժամանակից ի վեր Ժակլինը պարբերաբար հայտնվում է Պիկասոյի կյանքում և գործերում՝ ամեն անգամ էլ ավելի անհատականացված։ Այս անգամ կարծես ծանրության ու հանգստության խառնուրդով մեզ նայող Ժակլինի բնավորությունը փոխանցում են ոչ այնքան դիմագծերը, որքան գունային շեշտադրումները, ինչպես վառ կապույտն ու հանդարտ կանաչը՝ Ժակլինի ուսերը ծածկող ու մինչև ծնկներն իջնող շարֆի տեսքով։

Պաբլո Պիկասո, «Նստած կինը կանաչ շարֆով», 1960թ.

Պաբլո Պիկասո, «Նստած կինը կանաչ շարֆով», 1960թ.

Share
Կարդալ բոլորը