Sign In

Not registered yet?

register
Երվանդ Քոչարի թանգարան Collection

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարան
Ervand Kochar MuseumԳեղանկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը xx-րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

1923- 36թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ — գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների` Պիկասոյի, Բրակի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդինսկու, Մոհոլի — Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է Դիմանսիոնիզմի մանիֆեստը, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

1936թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչը անտարակույս ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանկն էր:

Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. Մաեստրոյի արվեստանոցի հիման վրա: Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը. այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը:
Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եվ անհատ կոլեկցիոներների մոտ, սակայն միայն այս թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Երվանդ Քոչարի ինքնօրինակ արվեստի մասին. ներկայացված են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները և տարածական նկարներ:
Երվանդ Քոչարի թանգարանը հավաքչական աշխատանքից, պահպանությունից եվ գիտական ուսումնասիրությունից զատ կազմակերպում է դասախոսություններ, դիսպուտներ, հանդիպումներ:

Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է: