Sign In

Not registered yet?

register

Արվեստ և նորաձևություն․ մահվան էսթետիկան շարֆերում

1990-ական թվականները նշանավորվեցին ժամանակակից արվեստի և նորաձևության ոլորտում նոր հզոր անունների ի հայտ գալով։ Այսպես, երկու տաղանդավոր բրիտանացիներ Դեմիեն Հյորսթը և Ալեքսանդր Մակքուինը համընթաց քայլերով սկսեցին իրենց կարիերան, իսկ 2013 թվականին նաև տեղի ունեցավ այս երկուսի հիանալի համագործակցությունը։

Ալեքսանդր Մակքուինի ստեղծագործական նախասիրությունները ծնողների կողմից ընդունվում էին ոչ միանշանակ։ Սակայն արդեն դպրոցն ավարտած պատանու կամքն անդրդվելի էր։ Նա անմիջապես աշխատանքի անցավ «Անդերսոն և Շեպերդ» նորաձևության տանը, ապա՝ Ռոմեո Ջիլիի մոտ, ով նկատեց երիտասարդի անսահման տաղանդը։ Շատ շուտով նա ձեռք բերեց «տաղանդավոր ավազակի» համբավ։ 1990-ականների երկրորդ կեսից Ալեքսանդր Մակքուինն արդեն աշխատում էր հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսիք են Ջիվենշին, Գուչին, Պուման և այլք։ Նրա ոչ մի հավաքածու անմասն չէր մնում արվեստային մոտեցումներից։ Նրա կարիերայում բազմաթիվ են նաև ցուցադրությունը պերֆորմանսի ու արտ-շոուի վերածելու օրինակները։ Մակքուինի բոլոր հավաքածուները պարունակել են խորը իմաստ և նրբաճաշակություն։ Դրանք աչքի չեն ընկել թրենդային լինելու մոլուցքով, այլ արտահայտել են իր ներքին աշխարհը, զգացմունքները, մոտեցումները կյանքի հանդեպ։ Ահա թե ինչու չորս տարի շարունակ լավագույն բրիտանացի դիզայներ ճանաչված այս տղային հիրավի կարելի է արվեստագետ կոչել։

Ալեքսանդր Մակքուին

Ալեքսանդր Մակքուին

Նույն ժամանակ և նույն Բրիտանիայում իր հաղթարշավը սկսեց Դեմիեն Հյորսթը՝ ժամանակակից ամենաէպատաժային արվեստագետներից մեկը, ով շատ շուտով դարձավ նաև աշխարհի ամենահարուստ արվեստագետը։ Նա ապրում և ստեղծագործում է Լոնդոնի կենտրոնում՝ ժամանակակից արվեստի աշխարհի հենց սրտում։ Սկզբում նա մեկն էր այն բազմաթիվ արվեստագետներից, ում արվեստը դժվարությամբ է ընկալվում, ում մեղադրում են ստի ու անհեթեթության մեջ։ Նախ նա զբաղվում էր կետային նկարչությամբ և էքսպերիմենտներ էր անում շնաձկան անշունչ մարմնի հետ։ Շուտով Հյորսթին հայտնի դարձրեց հայազգի հանրահայտ գալերիստ Լարի Գագոսյանը, ով մեծ ներդրում ունեցավ Հյորսթի արվեստում։ Մակքուինի նման, Հյորսթին ևս անվանել են «ավազակ, վատ տղա» և, ի վերջո, ինչպես և Մակքուինին, այնպես էլ Հյորսթին միշտ հետաքրքրել է մահվան թեման։ Այսպես, Հյորսթին հաջողվեց այն դարձնել իր այցեքարտը։ Ավելի ուշ մահվան թեման արծարծող նրա երկու ստեղծագործությունները գրավեցին Մակքուինի ուշադրությունը, և 2013թ․ տեղի ունեցավ նրանց հանրահայտ համագործակցությունը։

Դեմիեն Հյորսթ

Դեմիեն Հյորսթ

Բանն այն է, որ 2003թ․ Մակքուինն իր շարֆերի հավաքածուի համար ստեղծեց մարդկային գանգի տեսքով պրինտ։ Եվ ահա, տասը տարի անց մեծն դիզայները որոշեց, ի նշանավորումն այդ իրադարձության, համագործակցել իր ժամանակների մեծն արվեստագետի հետ, ում ևս հետաքրքիր է մահվան թեման, և ով ևս ունի հանրահայտ ստեղծագործություն, որ ստեղծված է ոչ ավել, ոչ պակաս իրական մարդկային գանգից։ Դա Դեմիեն Հյորսթի «Հանուն Աստծո սիրո» 2007թ․ ստեղծագործությունն է․ իրական գանգ՝ ագուցված ադամանդներով, որը վաճառվեց 100 մլն ԱՄՆ դոլարով, և որը, ըստ Հյորսթի, այն քիչ գործերից է, որի թե’ նյութական և թե’ մշակութային արժեքները համապատասխանում են։

[layerslider id=”alexander-mcqueen-damien-hirst”]

 

Գանգի պատկերին շարֆերի վրա լրացնելու եկան Հյորսթի «Էնթոմոլոգիա» գործը և բզեզների ու թիթեռների պատկերներով, երբեմն էլ՝ իրական չորացրած թիթեռներով ու թևերով ստեղծված նրա այլ գործերը։ Ըստ արվեստագետի՝ մահն իրական չէ։ Իրական է միայն վախը մահից, ինչն էլ հենց կյանքից հաճույք ստանալու գրավականն է։

[video_embed url=”https://youtu.be/wK_-Ycn69sg” embed_style=”default”]

 

Այսպես, 2013թ․ ստեղծվեց 30 շարֆերի շլացուցիչ մի հավաքածու, որը կրում է մութ գեղեցկության էսթետիկան, որ պատմում է այդ երկու հանճարեղ արվեստագետների՝ մահվան փիլիսոփայական ընկալման ու գեղեցիկի պատկերացումների մասին։ Շարֆերին պատկերված  է գանգ՝ տարատեսակ բզեզների, թիթեռների միջոցով։ Այդ բոլորն ասոցիատիվ կապեր են կյանքի, բնության ու մահվան հետ։ Այս ամենն իրականացված է բացառիկ նրբաճաշակությամբ, գույնի ու ձևի եզակի զգացողությամբ։ Պատկերների հայելային, սիմետրիկ կրկնություններն ու վիզուալ խաբկանքներն էլ ավելի են հետաքրքրացնում այս շարֆերը։ Դրանք կարվել են մետաքսից և քաշմիրից, իսկ գինը տատանվում է 500 ԱՄՆ դոլարի սահմաններում։

Share
Կարդալ բոլորը