Sign In

Not registered yet?

register
Ամերիկյան Vogue-ի 4 սյուները - մաս 2

Ամերիկյան Vogue-ի 4 սյուները (մաս 2)

Շարունակելով ներկայացնել Vogue-ի հանճարեղ կանանց` այս հոդվածում կխոսենք Գրեյս Միրաբելայի ու Աննա Վինտուրի մասին։ Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ։

Գրեյս Միրաբելա․ կին, ով բազմապատկեց Vogue-ի եկամուտը

Գրեյս Միրաբելան ամերիկյան Vogue ամսագրի, թերևս, ամենապրագմատիկ ու բիզնես մտածողությամբ օժտված խմբագիրն է եղել։

Գրեյսը ծնվել է 1930թ․ Նյու Ջերսիում՝ իտալական ծագում ունեցող ընտանիքում։ 1950թ․ Գրեյսն ավարտել է Սկիդմորի քոլեջն ու ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 1974թ․ Գրեյսն ամուսնացավ Նյու Յորքյան հայտնի վիրաբույժ Ուիլիամ Կեհենի հետ։ Դեռևս վաղ տարիքից Գրեյսն աշխատել է սպորտային խանութում՝ որպես վաճառողուհի։ Քոլեջն ավարտելուց հետո մի քանի նմանատիպ աշխատանք է կատարել Macy’s և Saks Fifth Avenue առևտրի կենտրոններում, կատարել է ադմինիստրատիվ աշխատանք։ 1950-ականների սկզբին Գրեյսն աշխատանքի անցավ Vogue-ում և շատ շուտով հասավ գլխավոր խմբագրի պաշտոնին։ Ըստ նրա՝ Vogue-ում աշխատանքի անցնելու համար պետք չէին ոչ հատուկ տաղանդ ու հմտություններ, ոչ էլ փորձառություն, իսկ ծագումն ու արտաքին տեսքը մեծ դեր կարող էին խաղալ։ 60-ականների ողջ ընթացքում  Միրաբելան զբաղեցնում էր խմբագրի պաշտոն՝ գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդի խմբագրական թիմում։ 1971թ․-ին ի վերջո ինքը՝ Միրաբելան, նշանակվեց որպես գլխավոր խմբագիր Վրիլանդից հետո։

Գրեյս Միրաբելա

Գրեյս Միրաբելա

Իր ղեկավարման տարիներին Միրաբելան ավելի մեծ ուշադրություն էր հատկացնում միջին վիճակագրական ամերիկուհիների կյանքին, հագ ու կապին, քան նորաձևության տենդենցներին, ինչի արդյունքում ամսագրի տպաքանակն աճեց՝ 400 հազ․-ից հասնելով մինչև 1,2 միլիոնի։ Բայց դրան հակառակ Vogue-ը կորցրեց նորաձևություն թելադրողի իր բարձր դիքը։ Vogue-ի պատմության մեջ 1971-1988թթ․ անվանում են բեժ տարիներ՝ ի պատիվ Միրաբելայի աշխատասենյակի պատերի գույնի։ Դա նաև խորհրդանշական էր՝ հաշվի առնելով պահպանողական մոտեցումները։ Նրա ղեկավարման տարիներին Vogue-ում գովազդներից ստացված եկամուտը հասավ 79,5 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ Elle-ում այն կազմում էր ընդամենը 39 միլիոն դոլար։ 1971-88թթ․ Vogue-ի շապիկների վրա աշխատել են Հելմուտ Նյուտոնը և Ռիչարդ Ավեդոնը։ Գրեյսի շնորհիվ Vogue-ի էջերին հայտնվեցին այնպիսի հայտնի և տաղանդավոր վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Պատրիկ Դեմարշեյիեն, Ալբերտ ՈՒոթսոնը, Մայք Ռեյնհարդը և մեր հայրենակից Կուրկեն Պակչանյանը։

1988թ․ Միրաբելային ազատեցին աշխատանքից, պատճառաբանելով, որ Elle-ն առաջ է անցնում Vogue-ին, և որ կարևոր է ոչ միան մեծ տիրաժը, այլև նորաձևության ոլորտում որոշիչ խոսք ասող ամսագիր լինելը։ Իր հեռացման մասին Միրաբելան իմացավ ոչ թե իր անմիջական ղեկավար և ընկեր Ալեքսանդր Լիմբերմանից, այլ հեռուստատեսային հաղորդումից և շատ պատահմամբ։

90-ականների սկզբին նա թողարկեց Mirabella ամսագիրը, սակայն, ավաղ, այն երկար կյանք չունեցավ և չկարողացավ մրցել այնպիսի առաջատարների հետ ինչպիսիք էին՝ Vogue-ը, Cosmopolitan-ը, Elle-ն և Glamour-ը։ 1995թ․ Միրաբելան հրատարակեց ինքնակենսագրական «In and Out of Vogue» գիրքը, որտեղ պատմեց նորաձևության ոլորտում իր 38 տարիների աշխատանքի մասին։

Աննա Վինտուր․ Vogue-ի ցուրտ ձմեռն ու հաջողության գրավականը

Նորաձևության աշխարհի թերևս ամենախստապահանջ կինը, ում հաջողվել է այս ոլորտում հասնել մեծագույն բարձունքների՝ Աննա Վինտուրն է։ Աննան ծնվել է 1949թ․ Լոնդոնում, հասարակական ակտիվիստի և The Evening Standard թերթի գլխավոր խմբագրի ընտանիքում։ Երբ Աննան դեռ փոքրիկ էր, հայրը սկսել էր դստեր մեջ նկատել իր բնավորության գծերն ու իրեն նմանեցնել շատ հարցերում։ Այսպես՝ մի օր, 10-ամյա աղջնակին խորհուրդ տվեց, որ դպրոցական հարցաթերթիկում գրի, թե երազում է դառնալ Vogue ամսագրի գլխավոր խմբագիր։ Աղջնակն այդպես էլ գրեց։ Ինչպես հայտնի է՝ այդպես էլ եղավ, սակայն ոչ թե հրաշքով, այլ շնորհիվ Աննայի աշխատասիրության և ուժեղ բնավորության։ 1966թ-ին Աննան ավարտում է քոլեջն ու ընդունվում North London Collage School, զուգահեռ զբաղվում նաև լրագրությամբ։ Հայրը, տեսնելով դստեր հաջողություններն այդ ոլորտում, ժամանակ առ ժամանակ ընդունում է դստեր խորհուրդներն իր թերթի ղեկավարման հարցում։

Աննա Վինտուր

Աննա Վինտուր

21 տարեկանում Աննան աշխատանքի է անցնում Harpers & Queen ամսագրի խմբագրությունում, որտեղ էլ 1973թ․-ին նշանակվում է գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում։ 1976թ․ Աննան հրավիրվում է Նյու Յորք, զբաղեցնելու այդ ամսագրի ամերիկյան տարբերակի՝ Harper’s Bazaar-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ 1983-ին Վինտուրն արդեն ամերիկյան Vogue-ում էր և զբաղեցնում էր ամսագրի ստեղծագործական տնօրենի պաշտոնը՝ Գրեյս Միրաբելայի ղեկավարությամբ։ Աննան շատ արագ գտնում է իր տեղը Vogue-ում, սկսում է նկատել և մատնանշել բոլոր թերությունները, հին ու կոնսերվատիվ մոտեցումները։ Սակայն ամսագրի ղեկավարությունը դեռ պատրաստ չէր փոխարինել Միրաբելային։

1986-87թթ․ Աննան նախընտրում է վերադառնալ Լոնդոն և զբաղեցնել անգլիական Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, միևնույն ժամանակ իր ձեռքն է վերցնում House & Garden ամսագրի ղեկավարումը և այն անվանափոխում H&G, որտեղ ինտերիերի լուսանկարներին նրա շնորհիվ ավելանում են հայտնի դեմքեր, մոդելներ և դիզայներական հագուստ։ 1988թ. Աննային առաջարկում են ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագրի բաղձալի պաշտոնը։ Vogue-ի նոր համարներում Վինտուրը թարմություն է մտցնում, նրա ժամանակակից մոտեցումներն ամբողջապես փոխում են ամսագիրը, այն դարձնում ժամանակին համահունչ և վերադարձնում են նորաձևություն թելադրողի համբավը։ Փոխվում են նաև Vogue-ի շապիկները, դրանց վրա արդեն ոչ թե միանման շիկահերների դիմանկարներ էին, այլ յուրահատուկ, տարբերվող կերպարներ, նոր դեմքեր, ընդ որում, տաղավարային լուսանկարահանումները փոխարինվեցին al fresco ֆորմատով։ Վինտուրը երբեք չի վախեցել էքսպերիմենտներից և համարձակ համադրություններից՝ անգամ հենց շապիկին։ Այս կտրուկ փոփոխությունները, սակայն, հեշտ չտրվեցին նրան։ Vogue-ի ողջ անձնակազմը, ավելի ճիշտ նրանք, ում նա դեռ չէր հեռացրել աշխատանքից, սկսեցին ատել Վինտուրին նրա չափազանց խստապահանջ բնավորության համար և շուտով նա աշխատակիցների շրջանում հայտնի դարձավ իբրև Winter (ձմեռ) և ոչ թե Wintour: Բոլորը տեսած կամ գոնե լսած կլինեն «Սատանան Prada է կրում» հայտնի ֆիլմը, որի գլխավոր հերոսուհի Միրանդա Պրիսլիի կերպարի հիմքում հենց Աննա Վինտուրն է։ Մերիել Սթրիփի կերտած կերպարը նույնիսկ ավելի մեղմ է, քան իրական Աննան։ Նրա գլխավորությամբ ստեղծված առաջին համարը լույս տեսավ 1988թ․-ի նոյեմբերին, այդ օրվանից յուրաքանչյուր նոր շապիկ նոր աստղի հայտնություն է։

90-ականները Վինտուրի վերելքի տարիներն էին։ Նա հետևում թողեց բոլոր հայտնի ամսագրերն ու Vogue-ի հետ միասին գրավեց նոր բարձունքներ։ Աննա Վինտուրը նաև մեծ ազդեցություն ունի նորաձևության ամենահռչակավոր շոուի՝ Met Gala-ի վրա։ 1995թ-ից հենց նա ստանձնեց Met Gala-ի կուրացիան և հենց նա վերածեց այն տարվա ամենահեղինակավոր և սպասված միջոցառման։ Աննա Վինտուրը հանդիսանում է նաև Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի նորաձևության ինստիտուտի գլխավոր կոնսուլտանտը։ Այժմ այս կինը, թերևս, ամենաազդեցիկ դեմքն է նորաձևության աշխարհում, ում խոսքը հաշվի են առնում բոլորը, անգամ նրանք, ովքեր նրան պարզապես ատում են։

Share
Կարդալ բոլորը