Sign In

Not registered yet?

register

Ամերիկյան Vogue-ի 4 սյուները (մաս 1)

Vogue ամսագիրը (ֆր․ «նորաձևություն») տպագրվում է 1892թ․-ից ի վեր, և իրավամբ, նորաձևությանը նվիրված համար մեկ պարբերականն է աշխարհում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել նորաձևության ձևավորման և դրա կայացման վրա։ Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ կայացրել են Vogue-ը, ովքե՞ր են այն խենթ կանայք, որ իրենց ողջ էությամբ նվիրվել են Vogue-ին և դարձրել այն այնպիսին, ինչպիսին այն այսօր է։

Էդնա Վուլման Չեյզ․ Vogue ամսագրի առաջին գլխավոր խմբագիրը

Այս բացառիկ կինն աշխատել է Vogue-ում 1895թ․-ից և զբաղեցրել գլխավոր խմբագրի պաշտոնը 1914-1951թթ․։ Հենց նա կարողացավ Vogue-ը վերածել միջազգային ու հայտնի սնդուսափայլ ամսագրի։

Էդնան ծնվել է Նյու Ջերսիում, 1877թ․, հասարակ գեղջկական ընտանիքում։ Շատերն էին զարմանում, թե որտեղից այս աղջնակի մեջ այդքան էսթետիկ զգացողություն և սեր դեպի նորաձևությունը։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1895թ․, Էդնան տեղափոխվեց Նյու Յորք և շատ արագ աշխատանք գտավ Vogue ամսագրում։ Աշխատանքը հասարակ էր․ 17 տարեկան Էդնան զբաղվում էր ամսագրի տարածմամբ։ Նա լի էր էնտուզիազմով և աշխատելու ցանկությամբ։ Միշտ վաղ առավոտյան ամենաշուտն էր գնում աշխատանքի և հաճախ էլ մնում մինչ ուշ գիշեր, առանց տրտնջալու սեփական նախաձեռնությամբ անում էր հավելյալ աշխատանք։ Այսպիսով, Vogue-ի հիմնադիր Արթուր Բոլդուին Թուրնյուրը, նկատելով աղջկա մեծ սերը դեպի ամսագիրը, հաճախ հարցնում էր նրա կարծիքը հերթական թողարկվող համարի մասին։ Աղջնակի էնտուզիազմը շուտով նրան նոր վերելքների հասցրեց։

Էդնա Վուլման Չեյզ

Էդնա Վուլման Չեյզ

Արդեն 1896թ․ նա մասնակցեց Model Doll Shows-ի երեք ցուցադրության։ Հետագա մի քանի տարիներին Չեյզն ու Թուրնյուրը միասին էին զբաղվում ամսագրով։ Երբ Թուրնյուրը մահացավ, ամսագիրը փրկեց հենց Չեյզը։ Նա ամեն ինչ արեց, որ 1909թ․ ամսագիրը գնի Condé Nast հրատարակչությունը։

1911թ․ Էդնան նշանակվեց ամսագրի պատասխանատու, իսկ 1914թ․ գլխավոր խմբագիր։ Աշխատանքի առաջին իսկ տարիներից Էդնան նորաձևության նոր շոու ձեռնարկեց։ Առաջին աշխարհամարտի տարիներին բազմաթիվ պարբերականներ փակվեցին և խզվեց կապը Փարիզի հետ։ Բազմաթիվ կանայք այլևս չէին կարողանում իմանալ, թե ինչ տենդենցներ կան նորաձևության մայրաքաղաքում։ Այդ բարդ իրավիճակում Էդնան դերձակներ վարձեց և կարգադրեց նոր հավաքածու ստեղծել։ Դա նոր խթան հանդիսացավ ամերիկյան հագուստի արտադրության համար։ Չեյզը նաև հորդորեց արտադրողներին հնարավորինս հետևել տենդենցներին և ոճաբաններ վարձել։ Այդ տարիներին Vogue-ում նախապատվությունը տրվում էր ճաշակով հագուստին՝ անկախ դրա արժեքից։ Դա մեծ սփոփանք էր ամերիկացի կանանց համար, ովքեր դժվարանում էին գնել թանկարժեք հագուստ։ Հենց դա էլ նպաստեց Vogue-ի ժողովրդականացմանը։ Չեյզը հաճախ էր կազմակերպում ընթրիքներ և ոչ կոմերցիոն նախաձեռնություններ ամերիկացի հայտնի և հարուստ կանանց մասնակցությամբ՝ ի նպաստ նորաձևության զարգացման։ Այդպես՝ 1928թ․ ստեղծվեց Fashion Group International-ը, որը պաշտոնապես գրանցվեց 1930թ․։

Հենց Չեյզը սահմանեց նորաձևությանը նվիրված ամսագրում տեղ գտնող լուսանկարների առաքելությունը․ «Ցույց տվեք հագուստը»,-ասում էր նա։ Մինչ օրս էլ Vogue-ի լուսանկարիչներն առաջնորդվում են դրանով։ Այս կնոջ ղեկավարման տարիներին ամսագիրը տեսավ նաև երկրորդ աշխարհամարտը և կրկին չհանձնվեց։ Այդ տարիներին Vogue-ում հրապարակվում էին պատերազմական գործողությունների մասին նյութեր և նորաձևության հետ կապ չունեցող ինֆորմացիա։

Չեյզը նաև ակտիվ մասնակցություն էր ունենում կանանց ռազմական հագուստի մշակմանը։ Այս տարիներին նա համագործակցության հրավիրեց Դորոթի Փարքերին և, ոչ ավել, ոչ պակաս, Թոմաս Վուլֆին։ Իր ողջ կյանքի ընթացքում Էդնա Չեյզն աշխատեց 17 տարեկան աղջնակի էնտուզիազմով, արեց ամեն բան, որ Vogue-ը կայանա և չկանգնի ոչ մի խոչընդոտի առջև։ 1951թ․ Չեյզն իր իսկ ցանկությամբ լքեց գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1954թ․ լույս տեսավ նրա ինքնակենսագրական «Always in Vogue» գիրքը։ Չեյզը մահացավ 1957թ․ Ֆլորիդայում, 80 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։

Դիանա Վրիլանդ․ Vogue-ի համարձակ նորարարը

Յուրահատուկ ոճի զգացողությամբ օժտված այս կնոջ ղեկավարումն ամերիկյան Vogue ամսագրին նոր թարմություն և էքսպերիմենտալ ոգի պարգևեց։

Նորաձևության ոլորտի լրագրության ապագա աստղը ծնվել է 1903թ․, Փարիզում, արիստոկրատ Դիել ընտանիքում։ Դիանան մայրական գծով բարեկամական կապեր ուներ Ջորջ Վաշինգթոնի և Պոլինա Ռոթշիլդի հետ։ Այնպես որ, աղջիկը երբեք ֆինանսական խնդիրներ չէր ունեցել և միշտ շփվել էր հասարակության սերուցքի հետ։ Նա լավ կրթություն էր ստացել, որը թույլ էր տալիս հրաշալի հասկանալ արվեստից և էսթետիկայից։ Ռուս բալետմեյստերի հետ պարապմունքների արդյունքում աղջիկը ձեռք էր բերել ոչ միայն իդեալական ուղիղ մեջք, այլև սեր դեպի արևելյան շքեղությունները, իսկ գվարդիական սպաների հետ ձիավարությունները մեկընդմիշտ համոզել էին աղջկան, որ լավագույն գույնն իրենց համազգեստի գույնն է՝ կարմիրն։

Նույնիսկ երիտասարդ տարիներին Դիանային դժվար էր գեղեցկուհի անվանել։ Մի բան հաստատ էր, նա հիանալի ոճի զգացողություն ուներ։ Մի բան, որը հնարավոր չէ սովորել։ Իզուր չէր, որ դեռևս 1922թ․ նա հայտնվեց Vogue-ի էջերին, իբրև ամենաոճային երիտասարդ աղջիկներից մեկը։ 1924թ․ միսս Դիանա Դիելն ամուսնացավ ամերիկացի բանկիր Թոմաս Ռիդ Վրիլանդի հետ, ով աղջկան տվեց ոչ միայն իր ազգանունը, այլև շատ փող և ինքնավստահություն։ Շուտով Դիանան հիմնեց իր սեփական բիզնեսը՝ կանացի ներքնազգեստի արտադրությունը, իսկ լրագրության մասին նա դեռ չէր էլ մտածում։

Դիանա Վրիլանդ

Դիանա Վրիլանդ

1936թ․ Harper’s Bazaar-ի գլխավոր խմբագիր Կարմել Սնոուն Դիանային առաջարկեց ամսագրում վարել «Իսկ ինչու՞ ոչ․․․» վերնագիրը կրող սյունյակը, որտեղ նախատեսվում էր խոսել այդ ժամանակի նորաձևության մեջ հանդիպող ամենահամարձակ և ոչ ստանդարտ լուծումների մասին։ Այսպիսով, Վրիլանդը շուտով ամսագրի էջերին հանձնեց իր ամենախելահեղ և էքստրավագանտ մտքերը։ Նա չէր վախենում արտասովոր լուծումներ առաջարկել։ Նա ձգտում էր սովորեցնել կանանց մտածել ընդունված օրենքներից դուրս և էքսպերիմենտներ անել։ Շուտով Վրիլանդին հաջողվեց հայտնի դարձնել բիկինին, վառ գույները, հատկապես սիրելի կարմիրը, եղունգների լաքը, շրթներկը, աքսեսուարները։ Մեծ հաշվով Վրիլանդն այդպես էլ չդարձավ պարզապես լրագրող։ Նա ոչ թե գրում էր նորաձևության մասին, այլ հենց ինքն էր ստեղծում այն։ Շատերն էին խոստովանում, որ հենց Դիանա Վրիլանդն է ստեղծել նորաձևության խմբագրի մասնագիտությունը։

Վրիլանդը մեծ ներդրում ունեցավ Harper’s Bazaar-ի առաջխաղացման գործում։ Կարճ ժամանակում այն դարձավ ամենաշատ կարդացվող ամսագիրը։ 1962թ․ Վրիլանդը տեղափոխվում է Vogue իբրև կրտսեր խմբագիր, բայց շատ ավելի բարձր աշխատավարձով։ 1963թ․ Վրիլանդը զբաղեցնում է գլխավոր խմբագրի պաշտոնը։

Vogue-ի պատմության մեջ Վրիլանդն ամենաքիչն է զբաղեցրել գլխավոր խմբագրի պաշտոնը, սակայն այդ 7 տարիներն ամենապրոդուկտիվն էին ամսագրի պատմության մեջ։ Այդ ընթացքում Vogue-ը դադարեց լինել պարզապես ամսագիր նորաձևության մասին։ Այն վերածվեց նորաձև ամսագրի։ Նորաձև էր այն ամենն ինչ կար Vogue-ում։ Վրիլանդի տաղանդն ամբողջությամբ բացահայտվեց Vogue-ում։ Ինքն էլ իր հերթին բացահայտում էր նոր տաղանդների։ Բիթլզ, Թվիգի, Էդի Սեջվիք, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ, Մանոլո Բլանիկ․ Vogue-ում տեղ էին գտնում ժամանակի ամենահայտնի մարդիկ։ Ամենից զվարճալի պատմությունը գլխավոր Ռոլինգ Միք Ջագերի դեբյուտն էր Vogue-ում։ Երբ Վրիլանդը տեսավ երիտասարդ Միքի լուսանկարը, նա բացականչեց․ «Թքած, որ նա հայտնի չէ, նա ինձ դուր է գալիս։ Ինչպիսի շուրթեր ունի»։ Այսպես Միքի լուսանկարն առաջին անգամ հայտնվեց ամերիկյան մեդիայում, այն էլ միանգամից ամենանորաձև ամսագրում 1964թ․։ Մի քանի տարի անց նրանք կծանոթանան, իսկ 1989թ․-ին Միք Ջագերը կերգի Դիանայի թաղման արարողության ժամանակ։

1971թ․ Դիանան հեռացավ Vogue-ից և դարձավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին կից նորաձևության ինստիտուտի գլխավոր կոնսուլտանտը, որտեղ աշխատեց ևս 15 տարի՝ մինչև իր մահը։

Share
Կարդալ բոլորը